ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Պետական կառույցի գործունեության կենտրոնում պետք է կանգնած լինի մարդը, մեր քաղաքացին»

«Պետական կառույցի գործունեության կենտրոնում պետք է կանգնած լինի մարդը, մեր քաղաքացին»
05.06.2015 | 00:51

«Իրատեսի» հյուրն է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ ՄԱՐՏԻՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

-Պարոն Սարգսյան, լրացավ Ձեր պաշտոնավարման մեկ տարին: Գո՞հ եք Ձեր մեկամյա գործունեությունից:
-Ես չէ, որ պիտի գնահատեմ իմ և իմ ղեկավարությամբ աշխատող անձնակազմի կատարած աշխատանքները: Ճիշտ կլինի, եթե այդ հարցով դիմեք կադաստրի կոմիտեի աշխատակազմի ծառայություններից վերջին մեկ տարում օգտված քաղաքացիներին:
-Շա՞տ են կադրային փոփոխությունները համակարգում: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ստացած ժառանգությունը:
-Երկար տարիներ ղեկավար աշխատանքներ կատարելով արտադրությունում, պետական, համայնքային կառույցներում, ես սովորել եմ մարդկանց գնահատել ոչ թե ում բարեկամը կամ ծանոթն են «սկզբունքով», այլ աշխատասիրությամբ, կարգապահությամբ ու անհրաժեշտ գիտելիքների պաշարով: Այդ հատկանիշներին տիրապետող բարձր, միջին ու ցածր պաշտոններ զբաղեցնող, գործիմաց, քաղաքացու նկատմամբ ուշադիր ու նրա խնդիրներին ականջալուր հարյուրավոր մարդիկ մնացել են իրենց տեղերում և շարունակում են աշխատել, ինչու չէ, նաև առավել բարձր ու պատասխանատու պաշտոնների նշանակվել: Անշուշտ, կային առանձին մարդիկ էլ, որոնց հասու չէին մեր պահանջները, և նրանք գնացին իրենց առավել հոգեհարազատ աշխատանքի: Ինչ վերաբերում է ժառանգությանը, ուրախությամբ պիտի ասեմ, որ բախտս այդ իմաստով բերել է: Կադաստրը գոյության ոչ երկար ժամանակամիջոցում դարձել է միջազգային չափորոշիչներին համապատասխանող կառույց: Հիմնադրման օրից այստեղ աշխատել են իրենց գործին նվիրված, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված մարդիկ: Ինձ մնում է ոչ թե հեծանիվ հնարել, այլ զարգացնել, կատարելագործել ու նոր կողմերով լրացնել նախորդներիս սկսած դժվարին ու պատասխանատու գործը:
-Այդուհանդերձ, մեկ տարին բավականին ժամանակ է՝ ամփոփելու կատարված գործերը: Ո՞ր աշխատանքները կառանձնացնեիք:
-Ձեր հարցին սպառիչ պատասխան տալու համար բերեմ մի քանի թվեր։ Աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թվականին հավաքված գումարները մոտեցել են 4 միլիարդ դրամի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով շուրջ 1,3 %-ով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է 884 միլիոն դրամ, որն ավելացել է 1,1 %-ով: Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները 2014 թվականի ընթացքում իրականացրել են շուրջ 215 հազար անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի 748 միավորի պետական գրանցում (աճել է 11,9 %-ով), իսկ աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կողմից ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղաքացիներին ու կազմակերպություններին տրամադրվել է գույքի ու դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ շուրջ կես միլիոն տեղեկատվություն (աճել է 26,2 %-ով), որից` պետական կառավարման մարմիններին անվճար` 11279, զբաղվածության պետական ծառայության տարածքային մարմիններին` 781, սոցիալական ծառայության տարածքային մարմիններին` 257002, ինչպես նաև ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 187345 որոշումների կատարմանը: Կոմիտեի ինտերնետային կայքէջում ներդրված` գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումներն ու փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացման էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 7444 դիմում: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետագա խորացման արդյունքում էր, որ հնարավոր դարձավ Երևանի «Կենտրոն», «Էրեբունի» և «Նոր Նորք» գրասենյակների միավորման հիման վրա կազմավորել «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ` բնակիչների և աշխատակիցների համար ապահովելով առավել հարմարավետ պայմաններ՝ քաղաքի կենտրոնում ընդարձակ, լուսավոր շենքով ու անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Քաղաքացիներին ընտրության հնարավորություն ընձեռելու նպատակով, օրենսդրական փոփոխությունների հիման վրա հետագայում կադաստրի սպասարկման գրասենյակի կարգավիճակ կարող է տրամադրվել ինչպես առանձին իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց, իսկ որպես այլընտրանք` 2015 թվականի հունվարի սկզբից հնարավորություն տրվեց նոտարներին կադաստրի համակարգից էլեկտրոնային կապի միջոցով ստանալու քաղաքացուն հետաքրքրող անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկատվություն, գործարքից հետո իրավունքների պետական գրանցման համար դիմում մուտքագրել կադաստրի համակարգ` ստանալ ու դիմողին տրամադրել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը:
2014 թվականի տարեվերջին որպես պիլոտային ծրագիր, կոմիտեի աշխատակազմի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևան քաղաքում որպես կոմիտեի աշխատակազմի մեկ առանձնացված կառույց կազմավորվել է «Մարզերի միավորված» ստորաբաժանումը, որը տարածությամբ հեռացնելով գործարքի ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրից, առավել կսահմանափակի գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփման, ծանոթության, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը, դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը: Նշված տարածքային ստորաբաժանումների միավորմամբ միևնույն հարկի տակ են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից 650 հազար միավոր գործերի նյութեր (ևս 550 հազար միավոր գործեր գտնվում են Երևանի տարածքային ստորաբաժանումում), որով հնարավորություն կընձեռվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներն իրականացնելու համար կարևոր նշանակություն ունեցող, սակայն կուտակված արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու, ինչպես նաև առանց հիմնական աշխատանքից երկարատև կտրվելու, կադրերի վերապատրաստման գործառույթն ապահովելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ակնկալվում է ֆինանսական միջոցների որոշակի խնայողություն, որը կուղղվի համակարգի հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը, աշխատակիցներին խրախուսելուն:
-Իսկ աշխատակիցների աշխատավարձե՞րը: Ձեր նշանակումից ընդամենը մեկ ամիս հետո մամուլում ահազանգ հնչեցվեց, որ հավելավճարներն ու պարգևատրումները վերացրել եք:
-Դուք ճիշտ եք, իրոք, այդպիսի ապատեղեկատվություն հայտնվեց մամուլում։ Ցավոք, որոշ լրագրողներ, ընկնելով սենսացիաների հետևից, կամ ուղղորդվելով թղթի միայն իրենց ձեռնտու երեսը կարդացած մարդկանց ասածներով, հրապարակում են իրականության հետ աղերս չունեցող հոդվածներ՝ հետագայում անհարմար դրության մեջ դնելով իրենք իրենց: Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը մինչև իմ՝ կադաստր գալը, դեռևս 2013 թվականի վերջերին որոշում էր կայացրել 2014 թվականի հուլիսից կադաստրի համակարգում աշխատավարձերը բարձրացնելու և պարգևավճարները կրճատելու մասին: Ես հունիսի 3-ին նշանակվեցի կոմիտեի նախագահ և, բնականաբար, սահմանված ժամկետում կատարեցի կառավարության որոշումը։ Ավելորդ չէ նշել, որ աշխատակիցների փաստացի եկամուտների իջեցում չի եղել:
-Կար ժամանակ, երբ կադաստրի մարմինները բնակիչների կողմից դժգոհությունների առաջին հորիզոնականներում էին։ Հիմա է՞լ է այդպես:
-Գաղտնիք չէ, որ կադաստրի սպասարկման գրասենյակները պետական այն կառույցներից են, որոնց հետ տարբեր ժամանակներում շփվում է յուրաքանչյուր ընտանիք, քաղաքացի: Մարդիկ կան, որ տասնյակ տարիներ ապրել են իրենց պապերից, հայրերից ժառանգած տներում ու մտքներով անգամ չի անցել, որ այդ տները կառուցվել են քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով: Երբ ինչ-ինչ պատճառներով (սեփականաշնորհում, վաճառք, նվիրատվություն և այլն) անհրաժեշտ է լինում պետական գրանցում իրականացնել, բախվում են օրենքի պահանջներին: Եթե նախկինում, մինչև պետական կադաստրի մարմինների ստեղծումը որոշ շենք-շինությունների՝ քաղաքաշինության նորմերի խախտումներով շահագործելու նկատմամբ պատկան մարմինները կամ տեղյակ չեն եղել, կամ էլ ինչ-ինչ պատճառներով աչք են փակել, այսօր ի հայտ եկած՝ ժամանակին կատարված անօրինականությունը կամ խախտումը մեր աշխատակիցները պահանջում են ուղղել: Կան օրինապահ քաղաքացիներ, ովքեր, հասկանալով խնդիրը, կատարում են պահանջն ու ստանում իրենց հետաքրքրող փաստաթուղթը: Կան նաև օրենքից անտեղյակներ, որոնք պնդում են իրենցը՝ պատճառաբանելով, որ, ասենք 60 տարի ամեն ինչ օրինական էր, ինչո՞ւ հիմա դարձավ անօրինական: Ահա այստեղից էլ՝ թյուրըմբռնումներն ու դժգոհությունները մեզնից։
-Ինչպիսի՞ն է դիմում-բողոքների դինամիկան: Դրանք ավելացե՞լ են:
-Ավելանալ՝ ոչ: Ցավոք, էական նվազում էլ չի արձանագրվել: Դա նկատի ունենալով մենք հանձնարարել ենք մեր համապատասխան ստորաբաժանումներին՝ պատշաճ ուշադրություն դարձնել քաղաքացիների դիմում-բողոքներին և իրենց իրավասության շրջանակներում արագ պատասխանել դրանց, հնարավորինս լուծել, իսկ եթե հարցն առնչվում է ուրիշ կազմակերպության, խորհուրդ տալ՝ ուր և ինչպես դիմել: Այդ նպատակով կոմիտեի նախագահի հրամանով կոմիտեի նախագահն ու նախագահի տեղակալները հաջորդաբար` յուրաքանչյուր երկուշաբթի, կոմիտեում իրականացնում են քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում նրանց բարձրացրած հարցերին տեղում լուծում տալու անհնարինության դեպքում, քաղաքացիներից դիմում է վերցվում դրանց հետագա ընթացքն ապահովելու համար: 2014 թվականի ընթացքում կոմիտեում մուտքագրվել է 775 դիմում-բողոք կամ գրություն, և կոմիտեի նախագահի ու նախագահի տեղակալների կազմակերպած ընդունելություններին մասնակցել է 207 անձ: Ընդ որում, կոմիտեի նախագահի իրականացրած ընդունելություններին վերջին ժամանակաշրջանում նկատվում է այցելուների աճ, չնայած ներկայացվող հարցերի մեծ մասի լուծումը չի մտնում կադաստրի համակարգի իրավասությունների մեջ:
Կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո` համակարգի տարածքային ստորաբաժանումների ու սպասարկման գրասենյակների գործառույթների կազմակերպումը տեղում ուսումնասիրելու, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը բացահայտելու, ինչպես նաև քաղաքացիներին հուզող հարցերին անմիջականորեն ծանոթանալու նպատակով 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին մարզային այցելությունների ընթացքում ես իրականացրի նաև քաղաքացիների ընդունելություններ մարզերում: Արդյունքում՝ ձեռնարկվեցին և իրականացվեցին որոշակի միջոցառումներ համակարգի կողմից իրականացվող գործառույթներն առավել պարզեցնելու, դրանց թափանցիկությունն ու մատչելիությունն ապահովելու, հնարավոր բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու, առկա կադրային և տեխնիկական ռեսուրսների օպտիմալ օգտագործման, վարչական ծախսերի կրճատման միջոցով համակարգի գործունեության արդյունավետությունը առավել բարձրացնելու և վերջապես կոռուպցիոն ռիսկերի իսպառ բացառումն ապահովելու նպատակով:
-Ավելի քան տասը տարի խոսվում է, որ Հայաստանում կադաստրի բնագավառը համահունչ է միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին: Պահպանվո՞ւմ են այդ չափորոշիչները:
-Անշուշտ: Ոչ միայն պահպանվում են, այլև լրացվում են նորանոր կողմերով: Շարունակվել է համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ: Շատ երկրների կադաստրի աշխատողներ հաճույքով մեզ մոտ աշխատանքները կատարելագործելու դասընթացներ են անցնում, մանավանդ Հայաստանում ներդրված, այսպես կոչված, ռեֆերենց կայանների միջոցով չափումներ կատարելու մասով:
Համագործակցության հուշագրի շրջանակներում կադաստրի համակարգի կողմից մշտական մեթոդական և տեխնիկական օգնություն է ցուցաբերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կադաստրի համակարգին: Մենք համապատասխան տեխնիկական միջոցներ ենք տեղադրել Ղարաբաղի կադաստրի համակարգում, իրականացրել ենք մասնագետների ուսուցումը` իրավունքների էլեկտրոնային գրանցումն ապահովելու համար:
2014 թվականին Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հնարավորություն ստեղծվեց, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմումները տրվեն ու դրանց պատասխանները դիմողներին տրամադրվեն առանց մյուս հանրապետության գրասենյակ ներկայանալու: Ցանկություն ունենք համապատասխան փոփոխությունների արդյունքում նման հնարավորություն ստեղծելու նաև հեռավոր արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների համար` թեթևացնելով նրանց հոգսը, ծախսերը: Համակարգի կողմից իրականացվող գործառույթները առավել պարզեցնելու, բնակչությանը մատուցվող ծառայությունների սպասարկման որակն էլ ավելի բարձրացնելու, իրականացվող գործառույթներում ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը և համակարգի գործունեության առավել թափանցիկությունն ու մատչելիությունը ապահովելու նպատակով կոմիտեի կայքում զետեղվել են բոլոր օրենսդրական ակտերն ու կատարված աշխատանքների մոնիթորինգի և ամփոփումների վերաբերյալ տվյալները: Մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով պարբերաբար լուսաբանվել և բնակչությանն իրազեկվել են իրականացվող բարեփոխումներին վերաբերող գործառույթները, առանձին նորմատիվ իրավական ակտերը, անցկացվող միջոցառումները:
-Կադրերի պատրաստման ու վերապատրաստման համար միջոցներ ձեռնարկվո՞ւմ են:
-Անպայման, սեփական կադրային ռեզերվ ապահովելու և աշխատակիցների վերապատրաստում իրականացնելու համար վերջերս բացվեց մեր ուսումնական կենտրոնը՝ հագեցած նորագույն սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով: Մեր կենտրոնը կադրեր է պատրաստելու ինչպես Հայաստանի, այնպես էլ, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի կադաստրի համակարգերի համար: Կոմիտեն որդեգրել է աշխատողների վերապատրաստման և բուհերի հետ համագործակցության նոր քաղաքականություն, իսկ բոլորովին վերջերս հայաստանյան չորս բուհերի հետ կնքվեցին համապատասխան համաձայնագրեր՝ շրջանավարտներին մեր համակարգում աշխատանքով ապահովելու համար։ Շնորհակալությամբ պետք է նշեմ, որ այս և մեր մյուս նախաձեռնություններին մեծապես աջակցում է կառավարությունը: Պատահական չէ, որ ինչպես կադաստրի «Կենտրոն» սպասարկման գրասենյակի, այնպես էլ կադրերի պատրաստման կենտրոնի բացմանը իր ներկայությամբ պատվեց հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-Անցած տարեվերջին դրամի արժեզրկումը բացասաբա՞ր անդրադարձավ անշարժ գույքի գների վրա:
-Հիմնականում՝ ոչ: Երևանում անշարժ գույքի գները միջինը աճել են 0,8 տոկոսով, մարզերում` 0,7 տոկոս: Դրամ-դոլարի տատանողականության պրոցեսը շատ կարճ էր, ինչը չէր կարող ինչ-որ լուրջ ազդեցություն ունենալ անշարժ գույքի գների վրա: Չեմ կարծում, թե այս տարի անշարժ գույքի գների աճ կգրանցվի, քանի որ վերջին շրջանում բնակարանների վաճառքի ծավալները նվազել են: Իմ կարծիքով, եթե մարդիկ ուզում են իրենց բնակարանը վաճառել, պատրաստ են նույնիսկ զիջումների գնալու:
-Ապրիլի կեսերին լրատվամիջոցները հաղորդեցին, որ կադաստրի պետական կոմիտեն ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ քարտեզներ է հրատարակել: Ի՞նչ քարտեզներ էին դրանք, ինչո՞վ էին առնչվում կադաստրի գործառույթներին:
-Կարևորելով ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շուրջ համայն հայության համախմբումն ու բարձր մակարդակով և միասնական ջանքերով խնդրի բարձրաձայնումը ողջ աշխարհում` իմ հանձնարարությամբ կոմիտեի կառուցվածքում գործող «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քարտեզագրեց և հանրությանը ներկայացրեց թեմատիկ բովանդակությամբ 11 քարտեզ, որոնք, գիտականից բացի, ունեն քաղաքական նշանակություն: Արդեն 100 տարի թուրք իշխանավորներն ու մեր հարևանները փորձում են ինչ-ինչ կեղծիքներով ժխտել, ուրանալ ցեղասպանության փաստը՝ անտեսելով ազնիվ և սթափ մտածող գիտնականների պարզ հարցը՝ լավ, բա ի՞նչ եղան իրենց պատմական հայրենիքում դարեր շարունակ ապրած, քրիստոնեական հազարավոր հուշարձաններ թողած հայերը:
Արխիվային փաստաթղթերին զուգահեռ, թուրքական մերժողականությանը հակահարված տալու հզոր միջոց են պատմական-ժողովրդագրական քարտեզները: Դրանց կազմմանը ներգրավելով հայտնի պատմաբանների, քարտեզագիրների ու ցեղասպանագետների, մենք ուսումնասիրողի ու ցեղասպանության հարցերով զբաղվող մասնագետների սեղանին դրեցինք մերժողականությանը հարվածող մի հզոր փաստարկված զենք, որն արժանացավ բնագավառի հայտնի մասնագետների հավանությանը:
Ներկայացվող յուրաքանչյուր քարտեզ ուղեկցվում է տեղադիրքով, բացատրական տեքստերով, թեմատիկ բովանդակությամբ:
Հեղինակները, հենվելով անցյալի թե հայազգի, թե օտարազգի պատմաբանների և քարտեզագիրների աշխատությունների վրա, նորովի են ներկայացնում և մեկնաբանում պատմական Հայաստանի անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը: Քարտեզներում տրվում են ինքնապաշտպանության կենտրոնները, հայ բռնագաղթյալների մահվան քարավանների ուղիները: Յուրաքանչյուր քարտեզ ամփոփում է տվյալ թեմայի ողջ պատմական իրավիճակը:
Այս քարտեզները խիստ անհրաժեշտ են ցանկացած ուսանողի, գիտնականի, դիվանագիտական աշխատողի համար և, որն ամենակարևորն է, գիտականորեն փաստարկված հակահարված են թուրքական ուրացման ու մերժողական եղկելի քաղաքականությանը: Դրանք անհատույց տրամադրվում են գրադարաններին, գիտական, կրթական, մշակութային հաստատություններին, զորամասերին: Թե որքանով է այդ գործն առնչվում մեր գործառույթներին, թողնում եմ հանրության դատին։
-Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Սարգսյան: Նորանոր հաջողություններ եմ մաղթում Ձեզ և Ձեր ղեկավարած համակարգի բոլոր աշխատողներին։


Զրուցեց
Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ